Բարև, մեռհաբա, գամառջոբա…

Processed with VSCO with p5 preset

Մեօրե գունդի..

Օգոստոսի 15-ին` առավոտ կանուխ, ժամը 7-ին եկանք հասանք Երևան Վրաստանի Անակլիա քաղաքում կազմակերպված միջազգային ճամբարից: Ֆիզիկապես եկել եմ, բայց հոգեպես ոնց որ հլը էնտեղ եմ, անընդհատ հիշում եմ ծովը, մայրամուտները՝ մեկը մյուսից վառ, հիշում եմ, թե ինչ հաճելի էր, երբ ալիքը քշում էր դեպի ափ, էնպիսի զգացում էր, ասես խատուտիկի մի թևիկ լինեի, թեթև՜-թեթև՜:

Հիշում եմ մեր խաղերը՝ ծիծաղելով եմ հիշում, թե ոնց էինք 25 հոգով իրար ձեռք բռնած առաջադրանքներ անում (խաղի պայմանն էր էդպիսին), իսկ մյուս խաղի ժամանակ չնայած որ 25-ով չէինք իրար ձեռք բռնած, բայց բոլորով ուզում էինք հաղթել, բոլորս էլ մի թիմի նման չարչարվում էինք: Հիշում եմ, թե ոնց էինք Նարեկին «բալետ» անում, որ հաղթի ու հաղթեց, շախմատի մրցաշարում առաջին տեղ ստացավ: Իսկ ֆուտբոլի ու բասկետբոլի մասին ավելի լավ ա չխոսանք :Դ
Հիշում եմ առավոտյան մեր «տրեվոգաները». ուղիղ ժամը 8:30 միանում էր «Pirates of the Caribbean sea»-ի սաունդթրեքը ու հենց միացավ պետք է խմբով զույգ-զույգ վազելով գնայինք նշված տեղը՝ մարզանք անելու: Ինձ  թվում ա, որ եթե էլի լսեմ էս երգը, սկսելու եմ վազել… Եթե կցանկանաք մեր վազելը տեսնել, սեղմեք էստեղ:
Հիշում եմ մեր լիդերներին ու աշխատակազմի մյուս անդամներին, Աչիի «два-два»-ն (լեզվին էնքան էլ լավ չէր տիրապետում, էդպես ուզում էր հասկացնել, որ զույգ-զույգ շարք կանգնենք), Մարիի ջղայնանալը, Զեզեի տարբեր գուլպաները, Էլենեի միշտ ժպտացող դեմքն ու հավեսի գցող տրամադրությունը:
Հիշում եմ, թե ոնց դարձա «Կայծեր» պարային համույթից հրավիրված հարգելի Էմմա :Դ
Հիշում եմ նաև դիսկոտեկները…
Ահավոր շոգ ու տոթ էր, էդ մոռանալ չի լինի:
Լիքը-լիքը ծիծաղում էինք, մեկ-մեկ նույնիսկ ամենահիմար բաների վրա էինք սկսում ծիծաղել, մի շաբաթվա մեջ էնքան շատ ծիծաղեցի, էնքա՜ն շատ:
Նոր ընկերներ ունեցա, որոնց նույնպես չեմ մոռանա, ովքեր սիրուն ու հաճելի բաներ գրեցին շապիկիս վրա. ճամբարի ամենավերջին օրն ավանդույթ էր՝ իրար շապիկների վրա լավ-լավ բաներ էինք գրում: Հիշում եմ, թե ոնց էր ինչ-որ բան կոկորդումս խեղդում, երևի հենց էն պատճառով, որ նրանց էլ չեմ տեսնի, նրանց հետ էլ չեմ երգի, պարի, չեմ լողա, չեմ ծիծաղի, չէ, համացանցը չի կարող փոխարինել մեր իրական ու ջերմ շփմանը:
Գիտեք, լեզուն ու իրար հասկանալն էլ խնդիր չէր իրար սիրելու համար, օրինակ՝ Ադրբեջանից մի աղջիկ կար, անունն Ազի, լեզու չգիտեր, մենք էլ իրենը չգիտեինք, բայց իրար էնպես էինք գրկում, ասես տարիներով ճանաչում էինք իրար:
Հիշում եմ մեր նոր հայ ընկերներին, ամեն խմբում մեկից չորս հայ կար, վարդագույն շապիկներով խմբում միանգամից ինն էին, դե մերում էլ՝ բոլորս: Խոստացել են, որ մի օր անպայման գալու են Հայաստան:Դ
Հիշում եմ մեր համով-հոտով ճաշիկները:
Մարդիկ, դեմքերը, հայացքները, շարժումները, բառերը, հիշում եմ, հիշում եմ ու մի այլ ուժով կարոտում: Շա՜տ կարոտում …

Ճամբարային առօրյայի մասին ավելի մանրամասն պատմող լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք տեսնել այս հղումներով. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 910

Քսան վայրկյան Անակլիայի ծովից, մայրամուտից.

Leave a comment