Զորե՜ղ պարեր

76Պարը ընդհանրապես համարվում է արվեստի տեսակ, որի շնորհիվ մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին… նաև ցույց են տալիս ազգի մտածողությունը, մշակույթը:

Մեր՝ հայերիս պարը բաժանվում է երկու ճյուղի՝ ժողովրդական ու ազգագրական: Ներկայացնեմ դրանք.
Ժողովրդական պարը կարելի է ասել չի փոխանցում հայերի մշակույթը, այն դասականի, բալետի ու կանոնավոր պարի խառնուրդ է:
Իսկ  ազգագրական պարը հե՜նց սկզբից էլ եղել է մեր մեջ, կարելի է ասել ինչպես օրինակ Թումանյանը, Կոմիտասը, այնպես էլ մեր պարերը եղել են մեր արյուններում, ուղղորդել են մեզ, ճիշտ ճանապարհը ցույց տվել ու դարերից եկող գաղտնիքները բացել:

Քանի որ հա՛մ ժողովրդական եմ պարել, հա՛մ էլ ազգագրական եմ պարում, ուզում եմ մի քիչ պատմել զգացումներիցս, թե ինչ եմ զգացել (զգում), էս երկու տեսակները պարելուց:

Ինչպես արդեն ասեցի, ժողովրդական պարը հայկական մշակույթը մի քիչ լավ չի փոխանցում, երբ պարում էի ժողովրդական, զգում էի, որ… պարում եմ, շարժվում եմ, անընդհատ փորձում էի հիշել շարժումների հերթականությունը, չէ որ դա բեմի պար է, բեմում են պարում, պարելու ուրիշ ոչ մի տեղ չկար իմ պատկերացումներում: Միշտ ձիգ, միշտ ուղիղ, միշտ ճիշտ… նման խոսքեր կային միշտ ուղեղումս: Իսկ պարի ոգու մասին շատ քիչ դեպքերում էի հիշում, հիմնականում, երբ պարուսույցս էր սովորեցնում:

Հետո էլ մեր սանրվածքների (նկատի ունեմ կոսերը) նման ձիգ շարժումները, դրա՞նք էլ են հայկական, ախր ուժ չունեն իրենց մեջ, մարմնիս ձգությունը տալիս էի մեջքիս, որ ուղիղ լինի, որ ճիշտ լինի և ոչ թե հոգուս, որ ուժեղ լինի, զորեղ պարի…

Սկսեցի ազգագրական պարել: Ու զգացի: Հայկական ազգագրական պարի ոգին, ուժը, որ մեջս ինչ-որ բաներ շարժում, գործի է դնում, ասում՝ գնա, պարի, ապրի, մշակույթդ էլ տարածի… հայ ես ի վերջո…
Երբ ցանկացած տեղում. բեմում, փողոցում, պարի սրահում, թե լինի դա ուրիշ տեղ, կարող ես բռնել ընկերներիդ ձեռքերը ու շուրջպար պարել: Գոռալ (ես մտքումս եմ գոռում) հե՜յ…
Զգում եմ ամեն շարժումը, չնայած նրան, որ (իմ կարծիքով) ես ավելին եմ զգում, քան կարողանում եմ ցույց տալ, միևնույն է ես զգում եմ ուժը, թշնամիների պայքարը, որսորդների որսը, նուրբ նազանքը, իշխանների զորությունը, պարընկերներիս հավեսը, մի տեսակ երջանկության զգացում էլ եմ ունենում, զգում եմ էլի շատ ու շատ բաներ, որոնք չեմ կարողանում հասարակ բառերով արտահայտել, բացատրել… Ինձ փոխանցվում է նաև մյուս պարողների ոգեղենությունը, կողքիններիս էլ եմ զգում, հիշում եմ, որ ժողովրդական պարելուց ինձ ասում էին՝ զգա կողքինիդ, որ ճիշտ պարես, չէի կարողանում անել դա, չէի կարողանում զգալ կողքինիս: Հիմա հասկանում եմ ինչի չէր ստացվում. կողքիններս բան չէին զգում, իրենք էլ ոգի, ուժ, զորություն, տենց բաներ չէին զգում, ես ո՞նց իրենց զգայի… տարօրինակ բաներ էին ասում…

Իսկ ազգագրական պարելո՜ւց… կողքիններս հերիք չի զգում են, մի հատ էլ գոռում են, ոգևորվում ե՜ն… ու ինձ էլ՝ զգացնել են տալիս:

Եկեք պարենք: Միասին: Ազգագրական…
Հե՜յ…

77

Կայծե՜ր…

 

Leave a comment