Գարունը այնքան ու այնպես…

Գրում եմ գարնան մասին, բայց աշնանային տրամադրություն ունեմ, այնքան աշնանային է, մելամաղձոտ ու տխուր:

Րոպեներ առաջ ավելի աշնանային էի, քիչ-քիչ փոխվում է տրամադրությունս: Ինչքան շատ եմ մտածում գարնան մասին, այնքան ավելի լավ եմ ինձ սկսում զգալ:

Օրինակ, հիմա մտածում եմ, որ գարնանը ավելի քիչ շոր եմ հագնելու, հատկապես չեմ հագնի իմ ձմեռային, փուչիկանման, մեծ ու ուռած վարդագույն բաճկոնը, որով նման էի դառնում կամ նրբերշիկի կամ էլ Պատրիկին (Սպունգ Բոբի ընկերն է, վստահ եմ, որ ճանաչում եք նրան):
Ժպիտս մի քիչ եկավ:

Գարնանը լողի եմ գնալու: Դե պարզ է, մինչև օրերը չտաքանային, ես լողի չէի գնա, իսկ գարնանը տա՜ք է: Լողն էլ մի բան է, որ սուր մկրատով քեզ կտրում է առօրյա վազքից, հոգնածությունից ու աշնանային տրամադրությունից:
Աչքերս են արդեն փայլում:

Լույսը շատ է լինելու… գիտեմ ու հենց այդպես էլ կարծում եմ, որ մութն ավելի խորհրդավոր է, բայց լույսն ավելի շատ եմ սիրում, ամեն ինչ այնքան վառ է դառնում: Համ էլ լույսն այնքան հուսադրող է, երբ պարապմունքից երեկոյան դուրս եմ գալիս ու ճամփաս լուսավոր է լինում, անկախ ինձնից ուրախ եմ լինում, տրամս էլ տեղն է լինում:
Քիչ է մնում պարեմ:

Մայիսին էլ ծնունդս է լինելու, մի ամբողջ տարի սպասում եմ, պլանավորում, իսկ հետո որոշում, որ այդ ամենը ընդամենը հիմարություններ են ու պետք էլ չի մեծանալ:
Կլոր տարին ես ինձ գարնանային եմ զգում… դա երևի նրանից է, որ ես գարնանն եմ ծնվել : )
Սկսում եմ թռվռալ:

Գարո՜ւն, քեզ կարճ ու կոնկրետ կասեմ… լավ է, որ քո ժամանակ եմ ծնվել: Առաջ մտածում էի, որ լավ կլիներ եթե ամռանը ծնված լինեի, բայց հիմա այդպես չեմ կարծում: Լավ է, որ քեզ եմ քաշել 😉

Leave a comment